Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից
Մինչ 44-օրյա պատերազմը «Արցախը Հայաստան է և վերջ», «Աղդամն իմ հայրենիքն է» ասողներն այսօր կաշվից դուրս են գալիս՝ հանրությանը փորձելով համոզել, թե Արցախը բոլորովին էլ Հայաստանի մաս չէ, այլ Ադրբեջանի ինքնիշխան տարածք։
Փաշինյանն այս կեղտոտ նարատիվը տանում է իր գրեթե բոլոր ելույթներում։ Օրերս էլ «Քաղաքացու օրվան» նվիրված իր ուղերձում, ինչպես և Գավառում երիտասարդների առջև ունեցած բանախոսության ժամանակ, կրկին անդրադարձել է տարածքային ամբողջականությանը, նշել, թե սահմանազատման որոշումները կայացնում են այն բանի արձանագրմամբ, որ պետության կարևոր նախապայմաններից մեկը տարածքն է և տարածքային ամբողջականությունը։ «Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն, տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,- հայտարարել է Փաշինյանը։
Վերջինիս տրանսֆորմացիայի մասին բազմիցս է գրվել, խնդիրը մեկն է՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ իր իշխանության որևէ ներկայացուցիչ քաղաքական, մարդկային, բարոյական սկզբունքներ չունեն, ընդ որում, զարմանալիորեն իրենք էլ խոստովանում են այդ հանգամանքը։
Իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարել էր, թե իր քաղաքական ուժը իզմ-եր չի դավանում, իսկ իզմ-եր չդավանող, գաղափարախոսություն չունեցող քաղաքական ուժից ցանկացած բան կարելի է սպասել, որևէ բարոյական արգելանք չունեն, այսօր արևմտամետ են, վաղը կարող են լինել ռուսամետ։ Երեկ ասում էին «Արցախը Հայաստան է և վերջ», այսօր Լեռնային Ղարաբաղ են հռչակել և հանձնել Ադրբեջանին՝ ընթացքում էլ հազարավոր զոհեր տալով։
Քարոզչական այս նարատիվը նաև շարունակվում է Տավուշի ուղղությամբ, փորձում են համոզել, թե Ադրբեջանին տրվելիք տարածքներն ադրբեջանական գյուղեր են, մինչդեռ հենց Տավուշից ազդակներ են գալիս, որ Փաշինյանը ձեռքի հետ շատ ավելի մեծ տարածքներ է նվիրում Ադրբեջանին, քան ի սկզբանե հայտարարել էր։ Այդ մասին ահազանգում են նաև այն գյուղապետերը, որոնք դժբախտություն են ունեցել հանդիպել Փաշինյանի և նրա տեղակալ Մհեր Գրիգորյանի հետ։
Սոնա Անտոնյան