Փաշինյանը հերքել է այն ենթադրությունները, որ նախկին նախագահների հետագա ճակատագիրը կարող է ազդել ղարաբաղյան հարցի վրա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն ենթադրությունները, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետագա ճակատագիրը կարող է ազդել ղարաբաղյան հարցի հանդեպ իր վերաբերմունքի վրա։ Այս մասին նա հայտարարել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով այդ մասին հարցին։
«Օրինակ, բնության պահպանության նախկին նախարարը հետախուզման մեջ է, իսկ ֆինանսների նախկին նախարարը նստած է բանտում։ Արդյոք դա կարո՞ղ է ազդել Հայաստանի բնության կամ ֆինանսների հանդեպ իմ վերաբերմունքի վրա»,- ասել է նա։
Ես հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն կանի։ Եթե նա դա ասի, ապա կնշանակի, որ մենք բանակցային գործընթացում իրական բեկում գրանցելու հնարավորություն կունենանք։ Այսպիսին է իմ բանաձեւը, եւ ես չեմ պատրաստվում օգտագործել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի բանաձեւերը»,- ասել է նա։
Պատասխանելով փակագծերը բացելու եւ բացատրելու խնդրանքին, թե որ լուծումն է ընդունելի Հայաստանի համար, Փաշինյանը նշել է, որ խոսում է «բանակցային գործընթացի հայեցակարգային հիմքի մասին»։ «Եթե ես ասում եմ, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, այնքան էլ կառուցողական չէ ասել․ «Ահա մենք այսպիսի լուծում ենք ուզում»։ Ես Ադրբեջանի նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին առաջարկում եմ սկզբունքորեն համաձայնել այն բանի հետ, որ մենք պետք է աշխատենք այդպիսի լուծման վրա, որը ընդունելի լինի երեք ժողովուրդների համար։ Կա՞ն արդյոք նման տարբերակներ․․․ Եթե նման տարբերակներ լինեին, կլիներ այլ իրավիճակ։ Սակայն եթե ես այդպես ասում եմ, դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Դա արդյունք է, որին կարելի է հասնել համառ աշխատանքի մջոցով։ Եւ ես հրավիրում եմ մեր բարեկամներին եւ գործընկերներին աշխատել դրա վրա։ Ես նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանի նախագահին, այլեւ Լեռնային Ղարաբաղի նախագահին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին»,- ասել է վարչապետը։