Ողբերգական դեպք Սյունիքի մարզում
shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Մեղրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ագարակ քաղաքի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Աղաբեկյանն էր: Պարզվել է նաև, որ վերջինս Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին զոդման աշխատանքներ է իրականացնելիս եղել և այդ ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ նա մահացել է:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: