Առաջին օրվանից էլ պարզ էր, թե ինչպես պետք է ավարտվի այս ամենը. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Նա լսեց դատարանի կայացրած որոշումը և որոշեց ինքնակամ ներկայանալ դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Րոպեներ առաջ երկրորդ նախագահը ժամանեց ԱԱԾ:
Հարցին, թե ինչո՞ւ Քոչարյանն այսօր չէր ներկայացել դատական նիստին, Լևոնն ասաց, որ նման որոշում կայացվել է, քանի որ դատարանը հնարավորություն չէր տվել պաշտպանական կողմին խոսել. «Մինչ այդ էլ պրոցեսները տեսանք: Պարզ էր թե ինչ է լինելու, ես կզարմանայի, որ այլ որոշում լիներ»:
Կրտսեր Քոչարյանը, խոսելով հետագա քայլերի մասին, հայտնեց, որ իրավական մասով կլինեն բողոքարկումներ, իսկ քաղաքական մասով էլ ինչ լինի, նախօրոք կասվի:
Խոսելով դատավարության մասին՝ երկրորդ նախագահի որդին ասաց, թե շատ կարևոր է դատավորի անկախությունը, թե որքանով նա կարող է որոշում կայացնել՝ հասկանալով, որ այն կարող է դուրեկան չլինել իշխանությանը:
Հարցին, թե ի՞նչ էին քննարկում ԱԱԾ գալու ճանապարհին, Լևոնն ասաց՝ տարբեր բաներ:
Տեսանյութը` «Փաստինֆո»-ի