Եվրախորհրդարանում կարծում են, որ Բրեքսիթը կարող է չեղյալ հայտարարվել

Եվրոպական խորհրդարանում կարծում են, որ Բրեքսիթը կարող է չեղարկվել։ Ինչպես հայտնում է բրիտանական The Independent-ը, ԵԽ փաստաթղթի նախագծում նշվում է, որ Եվրոպական միության ու Մեծ Բրիտանիայի «ապահարզանը» ենթադրում է որոշ անցումային միջոցառումներ, բայց չպետք է 3 տարուց ավել ձգվի։

Փաստաթուղթը սահմանում է Եվրախորհրդարանի համար «կարմիր գծերը»՝ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու համար։ Լիսաբոնի հայտնի 50–րդ հոդվածը, որը գործարկում է բրեքսիթը, կարող է չեղարկվել՝ որպես զիջում այն բրիտանացիներին, ովքեր չէին ցանկանում հեռանալ ԵՄ կազմից:

Ընդ որում փաստաթղթում, որը պետք է Եվրախորհրդարանը հաստատի հաջորդ շաբաթ, հստակ նշվում է, որ եթե բրիտանացիները մտափոխվեն՝ նրանք չեն կարող ակնկալել ավելի լավ պայմանների ու ԵՄ-ի հետ ավելի լավ գործարք, քան հիմա կա։