Այսուհետ մեքենաների «ժամանակավոր» համարանիշ կտրամադրվեն նաեւ մաքսային մարմինների կողմից
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, ըստ որի՝ ավտոմեքենայի մաքսազերծումից հետո «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր կարող են հատկացվել նաեւ տրանսպորտային միջոցների առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից, ինչի շնորհիվ անձանց համար հնարավորություն կստեղծվի համարանիշերի տրամադրումը ապահովել անմիջականորեն տրանսպորտային միջոցների բացթողման ժամանակ, այդպիսով ապահովելով մեկ պատուհանի միջոցով որոշ ծառայությունների տրամադրման հնարավորությունը:
Ըստ որոշման հիմնավորման՝ նշվածը կխնայի ինչպես պետական ծառայությունների աշխատանքային եւ ժամանակային ռեսուրսի օգտագործումը, այնպես էլ կնպաստի հայտարարատուների ժամանակի ծախսի կրճատմանը եւ կբացառի պետական մարմիններին բազմակի դիմելու անհրաժեշտությունը:
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ մաքսային ձեւակերպումների ավարտից հետո բաց թողնվող տրանսպորտային միջոցներին ժամանակավոր համարանիշեր տրամադրելու գործընթացի կարգավորմամբ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այն դեպքերում, երբ մաքսային մարմինը եւ ոստիկանությունը նույն վայրում տեղակայված չեն, մեր հայրենակիցները մաքսային ձեւակերպումից անմիջապես հետո երբ պետք է գնան հաշվառման համար ստանալու, այս ժամանակահատվածում չեն ունենում որեւէ հաշվառման համար, որն անթույլատրելի է։
Նշենք, որ գործող կարգավորմամբ՝ «ժամանակավոր» տեսակի համարանիշեր տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից, ինչի հետեւանքով, մաքսային ձեւակերպումների ավարտից հետո անհրաժեշտություն է ծագում դիմել Ճանապահային ոստիկանությանը համապատասխան համարանիշ ստանալու համար, ինչպես նաեւ առաջացնում է տրանսպորտային միջոցները վարում առանց հաշվառման համարանիշերի վարելու եւ «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների խախտման ռիսկեր: