Խոսք կար միայն ԵՄ-ի եւ Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով Ryanair-ին հավելյալ աջակցության մասին․ Ավինյան
Որեւէ գումար հարկատուների հաշվին չի տրամադրվելու Ryanair ընկերությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Օդի տուրքի» արտոնությունը, որ սահմանել ենք, սահմանել ենք բոլոր ընկերությունների համար, որոնք կսպասարկեն նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել նախորդ 12 ամիսների ընթացքում, ոչ մի ուրիշ արտոնություն չի տրամադրվել»,-նշեց նա։
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ շահույթ է ակնկալում ընկերությունը, Ավինյանը պատասխանեց․ «Ես բիզնես ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց նմանատիպ ընկերությունների ամբողջ տրամաբանությունը այն է, որ դրանք կենտրոնանում են էֆեկտիվության վրա»։
Դիտարկմանը, որ հնարավոր է Ryanair-ը մենաշնորհային դիրք ստանա եւ մյուս ընկերություններին դուրս մղի, փոխվարչապետը արձագանքեց․ «Արտոնությունը սահմանված չէ մեկ ընկերության համար, այլ ուղղության համար, որը նոր դաշտ է ստեղծում, որ մրցակցությունը բարելավվի եւ նոր խաղացողներ մտնեն շուկա։ Միայն խոսվում էր Եվրամիության եւ Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով հավելյալ աջակցության մասին, որը կրկին հարկատուները չեն վճարելու»։
Ավինյանը նաեւ շեշտեց՝ Հայաստանի նման երկիրը ունի խնդիր իր կապերը օդային ճանապարհով ամրապնդելու, ուղիղ չվերթների քանակը ավելացնելու եւ երկրորդ ուղղությունը, որ պետք է զարգացնենք, տեղական ավիափոխադրողների ծրագրի խթանումն է, որի մասին 1-2 տարի հետո կարող ենք խոսել։