Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց
Ապրիլի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է պետական գնումների համակարգում կատարվող փոփոխությունները: Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց և ակնկալում է բիզնեսի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը կատարվելիք փոփոխություններին: «Մեր նպատակն է «արժեք՝ փողի դիմաց և կոռուպցիայից զերծ, արդյունավետ գնումներ» սկզբունքների կիրառումը պետական գնումների համակարգում»,- ասել է Շահնազարյանը: Գնումների ոլորտի նախատեսվող փոփոխությունների մասով ֆինանսների նախարարությունը բաց է համագործակցության համար և կոչ է անում շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց առաջարկները օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով: Ախտորոշված խնդիրների հիման վրա գնումների ոլորտի ենթաօրենսդրական կարգավորումները դրվել է նաև հանրային քննարկման e-draft.am կայքում: Առաջարկվող ենթաօրենսդրական կարգավորումներով նախատեսվում է ժամկետանց հարկային պարտավորություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ընձեռել գործընթացից դուրս չմնալու հնարավորություն` վճարելով պարտքերը: Առաջակվում է նաև վերացնել վարկային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների մասնակցության սահմանափակումը, չծանրաբեռնել տնտեսավարող սուբյեկտներին ձևական պահանջներով: Փոփոխություն է կատարվել նաև մասնակցության շեմի առումով. նախկինում մինչև 5 մլն դրամ գնումների դեպքում տնտեսավարողին հնարավորություն էր տրվում առանց որևէ չափանիշների մասնակցել պետական գնումներին: Այժմ նախատեսվում է այդ շեմը բարձրացնել մինչև 10 մլն: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համացանցային պորտալում գնումների մասին տեղեկատվության ռուսերեն լեզվով պարտադիր հրապարակմանը՝ վարչության պետը նշել է, որ փոփոխությունը վերաբերվում է 2019 թվականի մարտի 25-ին սկսվող գնման ընթացակարգերին: Այն իրենից բարդություն չի ներկայացնում պատվիրատուների համար, քանի որ մրցույթի հրավերի մի մասը ստատիկ տեղեկատվություն է, և պահանջվում է միայն մի քանի փոփոխական տվյալներ: Ռուսերեն թարգմանվում է միայն տեխնիկական բնութագիրը: