Այսօր Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմականության դեմ պայքարի միջազգային օրն է
Նոյեմբերի 9-ը ամբողջ աշխարհում համարվում է ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության դեմ միջազգային օրը։ Այն հիմնվել է ռասիզմի դեմ UNITED միջազգային ցանցի նախաձեռնությամբ, որը միավորում է 49 երկրներից ավելի քան 500 կազմակերպությունների։
1938-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր» (Crystal Night / Kristallnacht) կամ «Կոտրված ցուցափեղկերի գիշեր» անվանումը։ Այն հրեաների դեմ Երրորդ ռեյխի ֆիզիկական բռնության առաջին զանգվածային ակցիան էր: Այդ ժամանակ նացիստները սպանել էին ավելի քան 90 մարդու, 30 հազար հրեաներ ուղարկվել էին համակենտրոնացման ճամբարներ: Ամբողջությամբ այրել էին հարյուրավոր սինագոգեր, իսկ հրեաներին պատկանող խանութների հազարավոր ցուցափեղկեր կոտրել էին, որից էլ առաջացել է կոտորածի անվանումը:
1938 թվականի այս իրադարձությունները սկիզբ են դրել Հոլոքոսթին, որի ժամանակ մոտ 6 մլն հրեա է սպանվել։
Եվ ամեն տարի Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության միջազգային օրը շատ երկրներում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հանրահավաքներ, ցույցեր ու այլ ակցիաներ՝ նացիզմի, ազգային, ռասսայական, մասնավորապես հակասեմիտական հողի վրա ահաբեկչության զոհերի հիշատակին։