Թուրքիան չպետք է պատերազմից փախչող մարդկանց օգտագործի ԵՄ-ի վրա ճնշման համար. Եվրախորհրդարանի նախագահ
Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին բարձրացրել է Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի անօրինական հորատման գործունեության հարցը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք աջակցում ենք Կիպրոսին, հարգում նրա ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասվում է Սասոլիի գրասենյակի տարածած գրավոր հայտարարության մեջ:
«Ես նշել եմ, որ Եվրախորհրդարանը շարունակում է ուշադրություն հատկացնել շարունակվող մարդասիրական ճգնաժամի կարգավորմանը: Ես նաեւ նշել եմ Արեւելյան Միջերկրածովում միգրացիոն հոսքի տեսանկյունից լուրջ խնդիրները, որոնց բախվում են պետությունները: Ես նաեւ հասկացնել եմ տվել, որ անթույլատրելի է ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու կամ քաղաքական շահ ստանալու համար մարդկանց օգտագործումը, որոնք փախչում են պատերազմից ու հետապնդումներից: Մենք երկուսս համաձայնել ենք, որ երկխոսությունն անհրաժեշտ է շատ ընդհանուր խնդիրների, օրինակ՝ միգրացիա եւ ահաբեկչության դեմ պայքար, լուծման համար»,- հայտարարել է ԵԽ նախագահը: