Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը շատ կարեւոր քայլ էր․ Փաշինյան
Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը շատ կարեւոր քայլ էր։ Այս մասին Իտալիայի Քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքերով, ճանաչման գործընթաց ԱՄՆ-ում կար նաեւ բանաձեւի ընդունումից առաջ։ Նա հիշեցրել է, որ ամերիկյան 49 նահանգներ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունն ավելի վաղ, քան Կոնգրեսը քվեարկեց բանաձեւի ընդունման օգտին։ «Սա շատ կարեւոր որոշում է։ Միջազգային ճանաչումը ոչ միայն պատմության ճանաչում է, դա անվտանգության հարց է եւ ցեղասպանության կանխմանն ուղղված գլոբալ շարժման մի մաս։
Դա միջազգային անվտանգության եւ կայունության կարեւոր գործիք է, եւ ես հուսով եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ որոշումը ամբողջ աշխարհում միջազգային ճանաչման նոր ալիք կբարձրացնի»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետն ընդգծել է, որ ցեղասպանությունները, ինչպիսին է եզդիների ցեղասպանությունը, շարունակվում են ժամանակակից աշխարհում մեր աչքի առջեւ։