ԱՄՆ-ը փորձում է համոզել Եգիպտոսին՝ չգնել ռուսական ռազմական ինքնաթիռներ
ԱՄՆ-ը փորձում է տարհամոզել Եգիպտոսին ռուսական ռազմական ինքնաթիռներ գնելու հարցում եւ սպառնում է պատժամիջոցներ մտցնել, եթե երկիրը չհրաժարվի գործարքից։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Աղբյուրի խոսքով, որը չի ցանկացել նշել անունը, Վաշինգտոնը դեռեւս աշխատանք է տանում Եգիպտոսի հետ՝ նրա պաշտպանական կարիքները հոգալու առումով։
ԱՄՆ-ն արդեն երկար տարիներ տնտեսական եւ ռազմական օգնություն է ցուցաբերում Եգիպտոսին, որը Վաշինգտոնի վաղեմի դաշնակիցն է եւ օգտագործում է ամերիկյան F-16 կործանիչներ։
Այս տարի Եգիպտոսը Ռուսաստանի հետ պայմանագիր էր ստորագրել 2 մլրդ դոլարի ավելի քան 20 Սու-35 կործանիչ գնելու մասին։
ԱՄՆ-ը կարող է միջոցներ ձեռնարկել Կահիրեի նկատմամբ, Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու օրենքին համապատասխան, որը նախատեսում է արձագանքում Ռուսաստանից ռազմատեխնիկա գնելուն։
«Նրանք դա գիտեն, եւ մենք նրանց հետ ուսումնասիրում ենք այդ հարցը,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։- Մենք առայժմ մինչեւ վերջ չենք կարգավորել այդ հարցը, բայց նրանք հաստատ հասկանում են, թե ինչ են վտանգում»։
Վաշինգտոնը պնդում է, որ Սու-35-ների եւ ռուսական այլ ռազմական համակարգերի օգտագործումը կարող է սպառնալիքի տակ դնել երկրի՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ մյուս երկրների հետ համատեղ գործողություններ վարելու հնարավորությունը։