Երեւանում կայացել է Կարիերայի եւ ձեռներեցության տոնավաճառը
Նոյեմբերի 22-ին Երեւանում կայացել է Կարիեիայի եւ ձեռներեցության տոնավաճառը: Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին: ԱՄՆ-ի փոխանակման ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գեւորգյանի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստացել քննարկել խնդիրները, որոնց կարող են բախվել աշխատանք փնտրողներն ապագայում: Քննարկվել են աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների շուրջ հարցերը, ինքնակենսագրական կազմելու ձեւը, հարցազրույցի նրբություններն ու այլ ասպեկտներ:
«Այցելելով բազմաթիվ բնակավայրեր Հայաստանում՝ ես կարող եմ եզրակացնել, որ երկրում կան շատ հնարավորություններ: Բացի այդ, ես կարող եմ փաստել, որ Հայաստանում ձեռներեցության հմտությունները զարգացած են ամենուր, ինչը վստահություն է ներշնչում երկրի ապագայի հետ կապված»,-իր ելույթի ընթացքում նշել է ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին: Լրագրողների հետ զրույցում Հայկուհի Գեւորգյանը հայտարարել է, որ Կարիերայի եւ ձեռներեցության տոնավաճառն անցկացվում է արդեն 4-րդ անգամ եւ հնարավորություն է տալիս գործատուներին ու աշխատանք փնտրողներին դեմ առ դեմ հանդիպել: «Այս տարի միջոցառումները մեկնարկել են Կարիերայի ճամբարի կազմակերպումից, որին մասնակցել է շուրջ 800 երիտասարդ: Իսկ բուն տոնավաճառին մասնակցել է 45 գործատու ընկերություն, որոնք առաջարկել են շուրջ 280 թափուր հաստիքներ տարբեր մասնագիտություններով, որոնք հիմնականում սպասարկման ոլորտում են:
«Անցած տարի մասնակցել է 3000 քաղաքացի եւ գրանցվել է զբաղվածություն ստանալու 33 տոկոս: Բացի այդ, որոշ գործատուներ աշխատանքի են ընդունել դիմորդներին պրակտիկա կազմակերպելուց հետո»,-ամփոփել է նա: Նշենք, որ միջոցառումը նվիրված է Ձեռներեցության համաշխարհային շաբաթին, որն անցնում է նոյեմբերի 18-24-ը: