Ավերիչ երկրաշարժից տուժած Ալբանիան դիմել է աշխարհին օգնության համար
Կիրակի Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ դիմել է միջազգային հանրությանը ֆինանսական եւ փորձագիտական օգնության նպատակով ավերիչ երկրաշարժի հետեւանքներից երկիրը դուրս բերելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Ռաման նշել է, որ երկրի կառավարությունը զբաղվում է բյուջեի բաշխմամբ ծագած ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն երկիրն ունի նաեւ միջազգային օգնության կարիքը:
Գործակալությունը նշում է, որ շաբաթ երեկոյան Ալբանիայի վարչապետը հանդիպել է մի շարք երկրների դեսպանների հետ՝ ներառյալ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի ու Ճապոնիայի ներկայացուցիչներին, եւ օգնություն է հայցել նրանցից:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Ալբանիայի Ադրիատիկ ափի տարածքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է 51, վիրավորվել 3 000 մարդ, իսկ հազարավոր մարդիկ դարձել է անօթեւան: