Ամենաբարձր գին հասկացություն մեզ մոտ չկա. մենք ալգորիթմ ունենք, որը վերահսկում է գները. Wizz Air-ի ներկայացուցիչ
Մենք միշտ հետաքրքրված ենք նոր ուղղություններով. մեր նպատակը չէ միայն երկու ուղղություն իրականացնել Երեւանի օդանավակայանից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Wizz Air ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:
Ավելի վաղ նա նշել էր, որ Wizz Air ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից չվերթներ կիրականացնի Վիեննա եւ Վիլնյուս, տոմսերի գինը կսկսվի 24,99 եվրոյից:
«Մենք հստակ նախատեսում ենք ավելի շատ ուղղություններ ունենալ: Մտածում ենք, որ կունենանք առնվազն այն ուղղությունները, որոնք ներկայումս արդեն իրականացնում ենք: Դա նշանակում է հարյուրավոր նոր չվերթներ, բայց այս փուլում կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Կարող եմ խոստանալ, որ դրա հետ կապված որոշում լինի, անմիջապես տեղյակ կպահենք»,-ասաց նա:
Անդրաս Ռադոյի խոսքով, իրենք Հայաստանում մրցակցելու են «Ավստրիական ավիաուղիների» հետ, քանի որ նրանք եւս չվերթ են իրականացնում դեպի Վիեննա: «Դա լավ է թե ուղեւորների համար, թե մեզ համար: Դրա արդյունքում դուք պետք է ձգտեք լինել ավելի լավը, ավելի բարձր որակով:
Մենք ֆիքսված գներ չունենք, մեր գները հիմնվում է պահանջարկի վրա: Օրինակ Ապրիլի 20-ի համար դեպի Վիեննա բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Թռիչքը ցերեկը ժամը 13-ին է: Վիլնյուս չվերթը 00.50-ին է: Ամենաբարձր գին հասկացություն մեզ մոտ չկա: Դա կախված է, թե քանի տոմս է գնվել: Մենք ալգորիթմ ունենք, որը վերահսկում է գները»,-ասաց նա: