Չինաստանի ԱԳՆ-ն տեղյակ չէ ԱՄՆ-ում կալանավորված կնոջ մասին
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ տեղեկատվություն չունի, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի տարածք ներխուժած կալանավորված կինը Չինաստանի քաղաքացի է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ Miami Herald պարբերականը տեղեկացրել էր, որ կինը, որին կալանավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար ա Լագոյի (Ֆլորիդա) նստավայր թափանցելու պատճառով, Չինաստանի քաղաքացի է։ Փալմ Բիչի ոստիկանական դեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ 56-ամյա Ցզին Լյուին նկատել են ակումբի տարածքում եւ խնդրել են հեռանալ։ Նրա խոսքով՝ կինը վերադարձել է եւ սկսել լուսանկարել, ինչի պատճառով էլ կալանավորվել է։
«Ներկայում ես տեղեկություն չունեմ այդ հաշվով։ Ես միայն կարող եմ ասել, որ Չինաստանի կառավարությունը պահանջում է արտասահմանում իր քաղաքացիներից հետեւել տեղի օրենքներին եւ չզբաղվել անօրինական գործունեությամբ»,- ճեպազրույցում ասել է Գեն Շուանը՝ ի պատասխան կալանավորվածի քաղաքացիությունը հաստատելու խնդրանքի։
Արդեն երկրորդ չինուհին է, որ փորձում է մտնել Մար ա Լագո։ Ապրիլի սկզբին երկու անձնագիր ունեցող կինը չորս բջջային հեռախոսով եւ վնասաբեր ԾԱ-ով ֆլեշ-կուտակիչով ապօրինաբար մտել էր նստավայրի տարածք։ Այդ նստավայրում Թրամփը անցկացնում է հանգստյան օրերի մեծ մասը եւ երբեմն այնտեղ ընդունում է այլ պետությունների ղեկավարների՝ նրանց հետ գոլֆ խաղալու։