Հաճախ խանութների վաճառասեղաններին հայտնվում է փորձաքննություն չանցած «վտանգավոր» միս. փորձագետ
Հատուկ մասնագիտացված արտադրամասերում անասունների մորթի օրենսդրական պահանջի բացակայությունը նպաստում է հիվանդությունների տարածմանը։ Այս մասին այսօր «Սպանդանոցում անասունների մորթի անցման կարեւորությունը» համաժողովում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին կից անասնաբուժական տեսչության ղեկավարի տեղակալ Լիլիթ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ անասունների բակային մորթը իրականացվում է առանց սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, ինչը հաճախ հանգեցնում է երկրորդային միկրոբային վարակման։
Ավելին, խանութների վաճառասեղաներին հայտնվում է միս, որը մեծ մասամբ որեւէ փորձաքննություն չի անցել, ինչն ավելացնում է մարդու եւ կենդանու համար ընդհանուր հիվանդությունների տարածման ռիսկը։ Սրան պետք է ավելացնել նաեւ այն խնդիրները, որոնք ծագում են միսն առեւտրի կետեր տեղափոխելիս։ Դեպքերի մեծ մասում փոխադրամիջոցները նույնպես չեն համապատասխանում սահմանված պահանջներին՝ չունեն սառցախցիկներ, պահպանված չեն սանիտարական նորմերը։ Այս բոլոր խախտումների հետեւանքով տառապում է սպառողը, բարձրանում է համաճարակների բռնկման վտանգը։