Ադրբեջանը չի անդամակցի ԵՄ-ին. Ալիեւ
Եվրաինտեգրման շրջանակում Ադրբեջանը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել է, հետագա քայլերն անարդյունք կլինեն, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ենք հասկանում եվրաինտեգրացիա բառի տակ: Ես կարծում եմ, որ մենք ձեռնարկել ենք եվրաինտեգրացիայի ուղղությամբ քայլեր, հետագա քայլերի անհրաժեշտություն չկա, եւ դրանք անարդյունք կլինեն»,- ասել է Ալիեւը երկրի հեռուստաալիքների հետ հարցազրույցում:
Նա որպես օրինակ ներկայացրել է այն փաստը, որ Ադրբեջանը ԵԱՀԿ, Եվրոպական խորհրդի եւ այլ եվրակառույցների անդամ է: «Եթե մենք եվրաինտեգրացիայի մասին խոսում ենք Եվրամիությանը անդամակցելու համատեքստում, ապա դա անհնար է»,- նշել է նա:
Նա բերել է նաեւ Թուրքիայի օրինակը: «Թուրքիան ԵՄ-ի հետ երբ է ստորագրել ասոցիացիայի համաձայնագիրը: Իսկ որեւիցե արդյունք կա՞: Ո՛չ: Սա չէ՞ որ մեծ անարդարություն է: 2000 թվականից սկսած նախկին սոցիալիստական բլոկի մի շարք երկրներ մտել են ԵՄ, իսկ նրանք ավելի ուժեղ են, զարգացած, քան Թուրքիա՞ն: Ինչո՞ւ են նրանք մտել ԵՄ, իսկ Թուրքիան՝ ոչ: Հարցը հռետորական է: Միայն այն պատճառով, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Հիմա հրապարակայնորեն են ասում: Այդ դեպքում Ադրբեջանին այնտեղ կընդունե՞ն: Ո՛չ»,- նշել է Ալիեւը:
Ընդ որում, նա նշել է, որ ԵՄ-ում որոշ գործընթացներ Ադրբեջանի համար անընդունելի են: «Ասենք, կասե՞ն, որ վաղը դուք ԵՄ-ին անդամակցում եք որոշակի ժամկետում: Իսկ մեզ դա արդյո՞ք պետք է: Մենք գործընթացներ ենք տեսնում, մասնավորապես կրոնական հիմքով: Իսկ դա մեզ համար ընդունելի՞ է: Ո՛չ: Որոշ դեպքերում, այսպես կոչված, «ընդդիմությունը» փողոցներ է դուրս գալիս ԵՄ դրոշներով: Նրանք ցանականում են, որ Ադրբեջանի ճակատագիրը որոշվի Բրյուսելո՞ւմ: Մենք չենք կարող մեր ճակատագիրը հանձնել ուրիշների ձեռքը: Մենք մեր պատմությունն ունենք, մեր արժեքները»,- հայտարարել է Ալիեւը: