Մեզ անհրաժեշտ է, որ 2020 թվականին տեղի ունենան արտահերթ ընտրություններ. ՀՀԿ խոսնակ
Ինձ համար դասական ընդդիմությունը այն քաղաքական ուժերն են, որոնք չեն ողջունել Նիկոլի իշխանազավթումը: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, այսօր խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժերը ուզած-չուզած ընդդիմություն են, որովհետեւ ըստ Սահմանադրությունը պետք է լինի ընդդիմություն:
«Եվ ԲՀԿ-ն, եւ «Լուսավոր Հայաստանը» իշխանության հետ եղել են կոալիցիա: Նրանք եղել են այսպես կոչված հեղափոխության ջատագովները: Մենք չենք եղել այդպիսին, մենք եղել ենք, կամ եւ կմնանք այս ռեժիմի հակառակորդները»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Նա հավելեց, որ այսօր Հայաստանում ստեղծվել է ոչ բնական իրավիճակ, որն ավելի բնորոշ է տոտալիտար երկրներին. «Հայաստանի անկախության ընթացքում երբեք որեւէ անձ կամ կուսակցություն ԱԺ մանդատների 3/5-րդին չի տիրացել: Երբ մենք էինք իշխանության, ըստ Սահմանադրության, սահմանադրական օրենքներ ընդունելու համար մեզ անհրաժեշտ էր բանակցել ընդդիմության հետ, այդ թվում «Ելք»-ի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանն իրենց թիմերով ինչքան էլ խոսեն, որեւէ բան չեն կարող փոխել»,-ասաց Շարմազանովը:
Նա հայտարարեց, որ Հայաստանին այսօր անհրաժեշտ է, որ 2020 թվականին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որոնք կլինեն գաղափարական. «Ես դրա համար չեմ ասում, որ ՀՀԿ-ն վերադառնա , այլ դա անհրաժեշտ է, որ խորհրդարանը դեֆորմացված չլինի, որ ընդդիմությունը կարողանա հակակշռել ընդդիմությանը, որ 3/5-րդի շեմն աշխատի: Երկրին է պետք, որ 2020 թվականին հասնենք նրան, որ պարտադրենք արտահերթ ընտրություններ: Ընդդիմությունը որեւէ լծակ չունի վերահսկելու կամ հավասարակշռելու իշխանության ցանկությունները: Ոչ մի իշխանություն Հայաստանում այսքան անսահմանափակ իշխանություն չի ունեցել, որն այսօր ունի Փաշինյանը: Սա նորմալ չէ: 2020 թվականը պետք է լինի պայքար արտահերթ ընտրությունների անցկացման համար»: