Արմեն Սարգսյանը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ եւ ներկայացրել մի շարք նախաձեռնություններ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական եւ խորհրդարանական ինստիտուտների միջեւ առավել սերտ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարվա ընթացքում խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերին:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաեւ նախագահական մի շարք նախաձեռնությունների եւ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների մասին՝ կարեւորելով բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը։