ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործելու մտադրությունից
2020թ-ի հունվարի 1-ից` նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կարող են գործունեություն իրականացնել միկրոձեռնարկատիրության համակարգում: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում նրանք ազատվելու են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող պետական հարկերից։
Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ներդրումը միտված է հարկային արտոնությունների միջոցով բացառապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը խթանելուն։ Միաժամանակ, առկա են ռիսկեր, որ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրումը կարող է օգտագործվել ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից, որոնք կփորձեն առաջարկել իրենց վարձու աշխատողներին գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եւ իրենց հետ աշխատանքային հարաբերությունները տեղափոխելով քաղաքացիաիրավական պայմանագրերի դաշտ՝ կխուսափեն հարկային պարտավորություններից:
Հետեւաբար, Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է գործատուներին եւ նման առաջարկ ստացած անձանց զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործելու մտադրութությունից: Կոմիտեն միաժամանակ հայտարարում է, որ նշված ռիսկերը բացահայտելու համար ՊԵԿ-ում առկա են համապատասխան տեխնիկական եւ վերլուծական հնարավորություններ, հետեւաբար նման ձեւով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերին կտրվի իրավական գնահատական: