Աշնանացանի բերքի լուրջ կորուստ կունենանք. Հրաչ Բերբերյան
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով` աշնանացանի ցանքատարածոսւթյունների ձյան շերտով չծածկվելը կհանգեցնի բերքի լուրջ կորստի: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսը:
«Որոշ պատասխանատու մարդիկ, կամ ավելի շուտ անպատասխանատու մարդիկ էս վերջին օրերին աժիոտաժ են ստեղծել, որ բերքի վտանգ կա, բայց տենց բան չկա: Մենք ունենք այսօր մեկ վտանգ, դա աշնանացան ցորենի հետ կապված վտանգն է, որը որ դաշտերը չեն ծածկվել ձյան շերտով եւ դա կբերի նրան, որ կունենանք լուրջ բերքի կորուստ: Դա կարող է լինել 30 տոկոս, 50 տոկոս եւ այլն»,-ասաց նա` նշելով, որ հիմնականում ցորենի ցանքատարածությունները կվնասվեն:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ տեղ-տեղ ծառերի ծաղկումը համընդհանուր բնույթ չի կրում եւ ծառերի բերքատվությանը վնաս այս պահին չի սպառնում:
Հրաչ Բերբերյանը բողոքեց, որ գյուղատնտեսության ոլորտը համակարգողներից շատերը մասնագետ չեն. «Ինչքան փողոցը քայլող կար բերեցին, մտցրեցին, մասնագետ սարքեցին: Չի կարելի, մասնագետներին պետք է գուրգուրել, պահել, գոնե մի քանի մասնագետներ մնան»: