Իսպանիայի նոր կառավարության անդամները երդվել են
Երկուշաբթի Իսպանիայի նոր կառավարության անդամները երդվել են Ֆելիպե VI թագավորի առաջ: Արարողությունը տեղի է ունեցել «Սարսուելա» պալատում՝ միապետի նստավայրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչությունների բոլոր 22 ղեկավարները հերթով, ձեռքը դնելով Իսպանիայի Սահմանդրության վրա, խոստացել են «կատարել իրենց պարտականությունները» եւ պահպանել հավատարմությունը թագավորին ու երկրի հիմնական օրենքին: Վարչապետ, Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը կիրակի ներկայացրել էր կառավարության նոր կազմը, որի մեջ 11 կին է մտել:
Կառավարությունում կա 4 փոխվարչապետ, վարչապետի տեղակալի պաշտոնը ստացել է «Պոդեմոս» («Մենք կարող ենք») ձախ կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը: Հիմա սպասվում է, որ երեքշաբթի տեղի կունենա Նախարարների նոր խորհրդի նիստը:
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) հունվարի 7-ին երկրորդ քվեարկությամբ հաստատել էր վարչապետի պաշտոնում Սանչեսի թեկնածությունը: Նա ավելի վաղ համաձայնության էր հասել «Միավորվելով՝ մենք կարող ենք» ձախ կոալիցիայի հետ, որի մեջ է մտնում «Պոդեմոսը», ինչը նախատեսում էր, որ սոցիալիստական կուսակցության առաջնորդի ղեկավարած կառավարության մեջ են մտնելու այս քաղաքական ուժի ներկայացուցիչները: Այսպիսով, Իսպանիայի արդի ժողովրդավարական պատմության մեջ առաջին անգամ երկրում ձեւավորվել է կոալիցիոն կառավարություն:
Վարչապետի պաշտոնում Սանչեսի հաստատմամբ ավարտվել էր թագավորությունում ձգձգված քաղաքական ճգնաժամը: Իսպանիայի կառավարությունը մոտ 8 ամիս պաշտոնակատարի կարգավիճակով էր, քանի որ ընտրությունների արդյունքներով կուսակցություններին չէր հաջողվել համաձայնության հասնել կառավարության կազմավորման հարցում: