Մակրոնը հուսով է՝ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առեւտրային համաձայնագիրը չի հանգեցնի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ լարվածության
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուսով է, որ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առեւտրային համաձայնագիրը չի հանգեցնի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջեւ նոր լարվածության։
«Ես հուսով եմ, որ սա լավ դինամիկա է։ Սակայն ես չէի ուզի, որ չին-ամերիկյան այս մտերմացումը եվրոպական եւ ամերիկյան լարվածության նոր փուլ բացելու առիթ հանդիսանա», լրագրողներին ասել է Մակրոնը, հայտնում է Reuters-ը։
Գործարքի հիմքում երկու տարվա ընթացքում ամերիկյան ապրանքների ներկրումը 200 մլրդ դոլարով ավելացնելու Չինաստանի խոստումն է, որպեսզի կրճատվի ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրային բալանսի դեֆիցիտը, որը 420 մլրդ դոլարի իր գագաթնակետին է հասել 2018թ․։
Չինաստանը խոստացել է առաջիկա երկու տարում ԱՄՆ-ից լրացուցիչ 80 մլրդ դոլարի արդյունաբերական ապրանքներ, այդ թվում՝ ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, ինքնաթիռներ, գյուղատնտեսական տեխնիկա եւ բժշկական սարքավորումներ գնել։