Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա»
«Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Նշվեց նաեւ, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է. «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմն» իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսքվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»:
Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին տեղեկություն եղավ, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի եւ կմնա 2019-ի մակարդակին:
Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019 թվականի սկզբին՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը 150 դոլար էր:
Հարցին, թե կառավարությունն այլեւս չի՞ բանակցում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որպեսզի ներքին սպառողի համար սակագնի թանկացում չլինի, նա պատասխանել էր. «Իհարկե, բանակցում ենք: 2019 թվականին արդեն հասանք նրան, որ որեւիցե բարձրացում չեղավ, բայց հիմա չեմ բացառում, որ կլինի»: