ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ից սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ դեռ չի ստացել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազի սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ չի ստացել: Ընդ որում, պարտադիր պայման է հանձնաժողովին ներկայացվելիք փաստաթղթերում ներառել երկու թերթերում սակագնի սահմանման կամ վերանայման մտադրության մասին հայտարարությունը:
Այս մասին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիաննա Ազիզյանը:
«Այս պահին հանձնաժողովում «Գազպրոմ Արմենիա»-ից մուտքագրված հայտ չկա: Հանձնաժողովը ցանկացած հայտ ստանալուց հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի այն: Իսկ սակագնի սահմանման կամ վերանայման վերաբերյալ որոշման դեպքում վերջինս ուժի մեջ է մտնում 30 օր հետո»,-ասաց Ազիզյանը:
Նա նաև նշեց՝ պարտադիր պայման է, որ ընկերությունը 2 000-ից ավելի տպաքանակ ունեցող երկու թերթում և azdarar.am-ում սակագնի սահմանման կամ վերանայման իր մտադրության մասին հայտարարություն տա և այդ հայտարարության ձևը կցի հանձնաժողով ներկայացվելիք փաստաթղթերում: Ազիզյանը պարզաբանեց. այսինքն՝ բնակչությունը պետք է ծանուցվի, որ ընկերությունը պատրաստվում է դիմել հանձնաժողովին: Այդ պահանջը սահմանված է էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգով:
Ազիզյանը վստահեցրեց՝ երբ հանձնաժողով հայտ մուտքագրվի, հանձնաժողովն այս մասին կտեղեկացնի իր կայքում, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը ծանոթանան, ներկայացնեն իրենց առաջարկները, ամբողջ գործընթացը կլինի թափանցիկ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում չէր բացառել այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 2019 թվականի սկզբին թանկացել էր ՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,-նշել էր Գարեգին Բաղրամյանը: