Ճապոնիան կկարգավորի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի եւ նոր դարաշրջան կբացի Չինաստանի հետ կապերում. Աբե
Ճապոնիայի կառավարությունը ձգտելու է միջպետական հարաբերություններ հաստատել Հյուսիսային Կորեայի հետ եւ մտադիր է նոր դարաշրջան բացել Չինաստանի հետ համագործակցությունում եւ ԱՄՆ-ի հետ ամուր միության հիման վրա երկխոսություն զարգացնել Եվրամիության եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին երկուշաբթի ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ հանդես գալով ծրագրային ելույթով խորհրդարանի նստաշրջանի բացման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ես ձգտելու եմ միջպետական հարաբերություններ հաստատել Հյուսիսային Կորեայի հետ՝ լուծելով առկա խնդիրները, ջնջելով դժբախտ անցյալը։ Պատրաստ եմ առանց նախապայմանների անձամբ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ»,- ասել է նա։ Հատկանշական է, որ Հյուսիսային Կորեայի մասին հիշատակումը, որի հետ Տոկիոն դիվանագիտական եւ առեւտրային հարաբերություններ եւ անգամ ուղղակի տրանսպորտային հաղորդակցություն չունի, բացել է վարչապետի ելույթի արտաքին քաղաքական հատվածը։
«Ճապոնիան եւ Չինաստանը,- շարունակել է նա,- կիսում են մեր տարածաշրջանի եւ ողջ աշխարհի խաղաղության եւ բարգավաճման պատասխանատվությունը։ Խորացնելով եւ ընդլայնելով կապերը բոլոր ոլորտներում՝ մենք նոր դարաշրջան կբացենք Չինաստանի հետ հարաբերություններում»։ Աբեն այս առիթով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ գարնանն ակնկալվող այցելության հաջողության հույս է հայտնել։
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը եւ Տոկիոն կիրակի նշել են անվտանգության մասին երկկողմ պայմանագրի 60-ամյակը։ «Ճապոնա-ամերիկյան միությունը,- նշել է վարչապետը,- այժմ ամուր է, ինչպես երբեք։ Հենվելով այդ հզոր հիմքին՝ մենք կձգտենք կառուցել ազատ եւ բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածք Եվրամիության, Հնդկաստանի, Ավստրալիայի, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) եւ այլ երկրների հետ, որոնց հետ կիսում ենք հիմնական արժեքները»։
Իր ելույթում նա նաեւ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում լարվածության աճով եւ խոստացել շարունակել ակտիվ ջանքերը խաղաղ դիվանագիտության շրջանակում, որը հենված է տարածաշրջանի շատ պետությունների հետ սերտ հարաբերությունների վրա։ Բացի այդ, Աբեն խոսել է նաեւ Մեծ Բրիտանիայի հետ առեւտրային բանակցություններ սկսելու մասին ԵՄ-ից երկրի դուրս գալուց անմիջապես հետո։