Նոր ՀԷԿ՝ Եղեգիս համայնքում. ովքե՞ր են սեփականատերերը
Econews.am-ը ներկայացնում է, թե ովքեր են Եղեգիս համայնքում նոր փոքր հէկ-ի սեփականատերերը:
Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր Վայոց ձորի մարզում նոր փոքր հէկ-ի կառուցման նախագծի մասին: Նախարարության հայտարարությունից տեղեկանում ենք. «Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի եւ Կառավարության 07.03.2003թ. N217–Ն եւ N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից «Հորս-1» փհէկ-ի կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը»:
Նշենք, որ Հորս բնակավայրը մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արեւմուտք, Սելիմագետի աջակողմյան Հորս վտակի ափին, Սելիմագետ եւ Եղեգիս գետերի գետախառնուրդից 6-7 կմ հյուսիս-արեւմուտք։ Գյուղից վերեւ Գնդասար լեռն է՝ 2960 մ բարձրությամբ։ Գնդասար եւ հարակից լեռների աղբյուրները ջրով ապահովում են գյուղը։ Բնակավայրը հարուստ է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններով:
Եղեգիս համայնքում գործում են բազմաթիվ եւ բազմապիսի հէկ-եր, որոնց սեփականատերերը պատահական մարդիկ չեն: Համայնքի բնակիչները մշտապես բարձրաձայնել են հէկ-երի գործունեության բացասական ազդեցության մասին:
Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Գնդասար Էներգո» ՍՊԸ հիմնադիրներն են Դավիթ Մանուկի Պապիկյանը (մասնակցությունը դադարեցված է) եւ Արմեն Լենիկի Առաքելյանը: Վերջինս Վայոց ձորի Շատին բնակավայրի բնակիչ է, որը նաեւ «Գնդասար ջուր» ՍՊԸ հիմնադիր է, բացի այդ՝ 2017թ.-ին եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու։ Արմեն Լենիկի Առաքելյանը նաեւ «ԵՂԵԳՀԷԿ» ՍՊԸ հիմնադիրներից է:
Դավիթ Մանուկի Պապիկյանը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ ու ակտիվորեն ներգրավված է հէկ-երի բիզնեսում: 26-ամյա Դավիթ Պապիկյանի հոր՝ Մանուկ Պապիկյանի անունը կապվում է նաեւ Արցախում հէկ-երի կառուցմամբ զբաղվող «ԷՌԱ» ՍՊԸ հետ: Դավիթ Պապիկյանի եղբայր Ստեփան Պապիկյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է եւ անմիջական մասնակցություն է ունենում հէկ-երի նախագծման գործում: Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաեւ, որ «ԷՌԱ» ՍՊԸ մասնագետների կողմից Արցախում նախագծվել եւ կառուցվել են նաեւ «Հոչանց» ՀԷկ-ը եւ բազմաթիվ այլ ՀԷԿ-եր:
ՇՄՆ տեղեկացնում է նաեւ, որ ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 29-ին, ժամը 16:00-ին /Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ/: