Փարիզում ձերբակալված ցուցարարների թիվը գերազանցել է 40-ը
Ֆրանսիայի ոստիկանությունն ու ժանդարմերիան շաբաթ օրը 43 մարդու են ձերբակալել Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերի ժամանակ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Փարիզի իշխանությունների տվյալները:
Հաղորդվում է, որ ևս 9 մարդ բանավոր նախազգուշացում է ստացել, ինչպես նաև ոստիկանությունը կանխարգելիչ նպատակներով 14 914 մարդու է ստուգել: Ոստիկանության տվյալներով՝ երեկոյան Փարիզում 3500 ցուցարար է եղել: Նախորդ շաբաթ նրանց թիվը 4000 էր: Ողջ երկրում ցույցի դուրս եկած ֆրանսիացիների թիվը կազմել է 22 300 ( նախորդ ցույցի ժամանակ 33 700 մարդ էր դուրս եկել փողոց):
Տեղի հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցարարների երթը, որն անցել է տարբեր փողոցներով, հասել է վերջնական կետին՝ Դեֆանս բիզնես թաղամաս: Այդտեղ են գտնվում նաև ժանդարմերիայի և ոստիկանության խոշորաթիվ ուժերը: Վերահսկողության տակ է առնվել տեղի խոշոր առևտրաժամանցային կենտրոնը: