ՌԴ-ի և Ադրբեջանի զինուժերի գլխավոր շտաբների պետերը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը փետրվարի 6-ին Բաքվում հանդիպում է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից գեներալ-գնդապետ Նաջմադին Սադիկովի հետ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Նշվում է, որ Գերասիմովը եւ Սադիկովը քննարկել են նաեւ «ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցեր»: «Այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը Կասպից ծովում, հավաստել են, որ շահագրգռված են շփումների շարունակմամբ»,- հավելել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում: