Սաակաշվիլին Պորոշենկոյին կոչ է արել վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին տեսադիմումով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը եւ թողնել, որ նա մտնի Ուկրաինա։ Իր դիմումը քաղաքական գործիչը հրապարակել է Facebook-ում, տեղեկացնում է «Ուկրաինական պրավդա»-ն։
«Պյոտր Ալեքսեեւիչ, դուք ասում եք, որ փոխվել եք, որ ցանկանում եք ապրել օրենքով։ Ահա ձեզ մի պարզ թեստ, թե արդյոք իսկապես այդպես է։ Ինչպես շատ լավ հիշում եք, գրեթե 2 տարի առաջ, օգտվելով այն հանգամանքից, որ ես երկրում չեմ (գնացել էի ԱՄՆ՝ Ուկրաինայի շահերը Կոնգրեսում առաջ մղելու), դուք ինձ զրկեցիք քաղաքացիությունից՝ ուկրաինական օրենսդրությունը եւ միջազգային նորմերը խախտելով, որովհետեւ չի կարելի մարդուն զրկել քաղաքացիությունից, որը մեկ այլ երկրի քաղաքացիություն չունի։ Ձեր վարչակազմի կողմից ճնշման պատճառով էլ հենց մինչեւ հիմա այդ գործերը ձգձգվում են ուկրաինական դատարաններում, դատարանները վճիռներ չեն կայացնում, որովհետեւ չեն ցանկանում, որ ես գնամ Ստրասբուրգ, որովհետեւ Եվրոպական դատարանն անմիջապես կվերադարձնի իմ քաղաքացիությունը»,- ասել է Սաակաշվիլին։
«Մի պարզ հարց ձեզ. դժվա՞ր է վերականգնել օրինականությունը, վերադարձնել ինձ իմ ուկրաինական անձնագիրն ու ինձ թողնել Ուկրաինա։ Եթե այդպես չեք վախենում, եթե իսկապես այդքան համարձակ եք, իսկապես որոշել եք փոխվել, դուք հնարավորություն ունեք այնպես անել, հանդես գալ որպես օրինականության երաշխավոր, մարդկայնորեն ճիշտ վարվել»,- ընդգծել է նա։
Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ նա 24 ժամ չի տա, բայց Պորոշենկոն «բավական ժամանակ ունի մինչեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ օրենքով եւ միջազգային նորմերով վարվելու համար։
Սաակաշվիլին նաեւ դիմել է այն մարդկանց, ովքեր «դեռ աջակցում են» Պորոշենկոյին։
«Դուք հիանալի գիտեք, որ ինձ հետ ստոր ու ապօրինի են վարվել, դուք սրանում կասկածներ չունեք։ Տեսնենք, թե մարդը, որին դուք դեռ սատարում եք, այս անգամ իսկապե՞ս ցույց կտա, որ փոխվել է։ Ամեն բան հնարավոր է։ Մինչ հանդիպում Կիեւում»,- ասել է նա։