Պուտինը պատմել է, որ իրեն առաջարկվել է նմանակի օգտագործել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ անվտանգության նկատառումներով նմանակի ներգրավելու գաղափարը ծագել է 2000-ականների սկզբին, բայց նա հրաժարվել է: Նախագահն այս մասին ասել է «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«[Գաղափարը] ծագել է, բայց ես հրաժարվել եմ նմանակից,- նշել է նա:- Դա ահաբեկչության դեմ պայքարի ամենադժվար ժամանակներն էին»: Ըստ նրա, 2000-ականների սկզբին եղել են առաջարկներ, որպեսզի նմանակը փոխարինի Ռուսաստանի ղեկավարին այն միջոցառումների ժամանակ, որտեղ պետության ղեկավարին կարող է վտանգ սպառնալ:
Հարցը, արդյոք Պուտինը նմանակ ունի, քաղաքացիների շրջանում հետաքրքություն էր առաջացնում դեռ 20 տարի առաջ: Այդպես, 2001 թվականի դեկտեմբերի 24-ին «ՕՌՏ» եւ «ՌՏՌ» հեռուստաալիքների ուղիղ եթերում Վլադիմիր Պուտինին այս մասին հարց էր ուղղել Կոստրոմայի շրջանի բնակչուհին: Կինը ենթադրել էր, որ նմանակը կարող էր օգնել նախագահին հասցնել բազմաթիվ հանդիպումներ անցկացնել, այդ թվում` ամենաբարձր մակարդակով: Այդ ժամանակ ՌԴ նախագահը պատասխանել էր, որ ինքը նմանակ չունի: Նմանատիպ մեկ այլ դեպք տեղի էր ունեցել Սոչիում 2009-ի օգոստոսին, երբ Պուտինը եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը աշխատանքային հանդիպումից հետո որոշել էին զբոսնել զբոսայգում: Տեսնելով նրանց` մի կին ենթադրել էր, որ զբոսնում են ոչ թե ՌԴ նախագահը եւ վարչապետը, այլ նրանց նմանակները: «Ոչ, նմանակները չենք, միանգամայն իսկական ենք»,- ժպտալով պատասխանել էր Մեդվեդեւը: