Երեւանում քննարկում ընթանում` «Միջուկային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով
Փետրուարի 28-ին Երեւանում քննարկում է ընթանում` «Ատոմային արդյունաբերութեան զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի եւ «Ատոմային էլեկտրակայանի հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միջեւ ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության շրջանակներում:
Քննարկումներին մասնակցում են Կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ բնապահպաններ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգիայի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքյանը հայտարարեց, որ ապագայում կընդունվի Հայաստանի էներգետիկայի զարգացման մինչեւ 2024 թվականի ռազմավարությունը, որը ներկայումս մշակման փուլում է:
«Դրա հիմնական ուղղություններից մեկը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը եւ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ, Հայկական ԱԷԿ-ի կյանքի երկարացումն է 2026 թվականից հետո: ՀԱԷԿ-ի մոդերնիզացումը կբարձրացնի դրա անվտանգության եւ էներգիայի արտադրության մակարդակը: Ակնկալվում է, որ կայանում ուսումնասիրություններ կանցկացվեն, որոնց արդյունքները կորոշեն դրա կյանքի երկարացման հնարավորությունը 2026 թվականից հետո: Բացի այդ, ռազմավարությունը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտություն է նախատեսում` այս ոլորտում նորարարական լուծումների կիրառմամբ»,- նշեց նա:
Ըստ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու ռուսական կողմից նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոյի` անհրաժեշտ է ապահովել էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
««Ռոսատոմ» պետական կորպորացիան փորձ ունի ԱԷԿ-երի շահագործման ժամկետների երկարաձգման գործում: Մասնավորապես, շահագործման ժամկետները երկարաձգվել են Կոլսկայա ու Նովովորոնեժսկայա ԱԷԿ-ներում: Այս հայեցակարգերը մենք առաջարկել ենք հայկական կողմին քննարկման համար: Ներկայումս հայկական կողմը սեփական մոտեցումներն է մշակում դրանց հիման վրա»,- հավելեց նա:
Սվիրիդենկոն պարզաբանեց, որ պայմանագրով հաստատված վարկային միջոցների մոտավորապես 70 տոկոսն արդեն օգտագործվել է, եւ, ըստ նախնական ծրագրի, շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ աշխատանքները պետք է ավարտվեին մինչեւ 2021 թվականի վերջը, սակայն այժմ լրացուցիչ բանակցություններ են ընթանում: