Կորոնավիրուսի պատճառով Լա Լիգայի հանդիպումները կարող են հետաձգվել
Իսպանիայի առաջնության առաջիկա տուրերի հանդիպումները կարող են հետաձգվել կամ անցակցվել առանց հանդիսականի, հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:
«Մինչև հիմա մենք չէինք քննարկում հանդիպումները հետաձգելու հնարավորությունը, սակայն ստեղծվել է կորոնավիրուսով զբաղվող հատուկ հանձնաժողով, որի հետ մենք մշտական կապի մեջ ենք:
Այս տուրում թիմերի հանդիպումները տեղի կունենան նախատեսված ժամանակին, իսկ արդեն հաջորդ շաբաթվանից մենք կքննարկենք հանդիպումները հետաձգելու կամ առանց հանդիսականի անցկացնելու տարբերակը»,- Տեբասի խոսքը փոխանցում է Marca-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պատճառով կարող են հետաձգվել նաև Պրեմյեր լիգայի հանդիպումները և միջազգային ընկերական հանդիպումները:
Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 83,272 մարդ: Վիրուսը հայտնաբերվել է աշխարհի 53 երկրում, այդ թվում՝ Իտալիայում: