Ո՛չ Սերժ սարգսյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանն ի վնաս Հայաստանի ու Արցախի քայլերի ընդունակ չեն. Վազգեն Սարգսյանի եղբայր
Ո՛չ Սերժ սարգսյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանն ընդունակ չեն քայլերի, որոնք կարող էին կամ կարող են վնասել Հայաստանն ու Արցախը: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:
«Համոզված եմ, որ ինչպես նախկին իշխանությունները, այնպես էլ ներկայիս՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտտության կարգավորման հարցում երբեք չեն կարող անել այնպիսի բան, որ մենք տարածքներ կորցնենք կամ նվիրենք: Երկուսն էլ երկիրը, բանակը սիրում են, գնահատում են անկախությունը, երկուսն էլ հայրենասեր են: Երբեք այնպիսի քայլ չէին անի եւ չեն անի, որը կվնասեր Հայաստանի եւ Արցախի անկախությանը»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը:
Ի պատասխան հստակեցնող հարցին՝ չէին անի, որովհետեւ ժողովո՞ւրդը թույլ չէր տա, Արմեն Սարգսյանը նշեց, որ ժողովուրդը միանշանակ կասի իր խոսքը: «Ամբողջ ժողովուրդը «երկրապահ» էր արցախյան պատերազմի ամենաառաջին օրերից: Բայց բանն այն չէ, որ ժողովուրդը թույլ չի տա, թե՛ նրանք իրենք էլ չեն անի, թե՛ ժողովուրդն էլ թույլ չի տա»,- կարծում է Արմեն Սարգսյանը: