Խորվաթիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով համաճարակ է հայտարարվել
Խորվաթիայի առողջապահության նախարար Վիլլի Բերոշը որոշում է կայացրել երկրում համաճարակ հայտարարել նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ` չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունում վարակվածների թիվը 10-ն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով HINA-ն:
Ըստ ԶԼՄ-ների` նախարարի այս քայլը վարչական միջոց է, որի նպատակն է բարելավել արձագանքման համակարգը ներկայիս համաճարակաբանական պայմաններում: «Այս վարչական միջոցը հնարավորություն է տալիս առավելագույն արդյունավետ կառավարել առողջապահական համակարգը այսպիս ճգնաժամային իրավիճակում»,- ասել է Բերոշը:
Առողջապահության նախարարի օգնական Դամիր Տրուտի խոսքով` այս փուլում կորոնավիրուսով վարակման որեւէ նոր դեպք չի հայտնաբերվել: «Խորվաթիայում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածները տասն են, նրանցից երեքը` Զագրեբում, հինգը` Ռիյեկայում եւ երկուսը` Վարաժդինում»,- նշել է նա: Ինչպես, իր հերթին, նշել է Զագրեբում ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի տնօրեն Ալեմկա Մարկոտիչը, հիվանդանոցի կարանտիններում գտնվող պացիենտները բուժում են ստանում, նրանց վիճակը նորմալ է եւ կայուն:
Խորվաթիայում նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 25-ին: