Բացի մոլերից, անհասկանալի է՝ ինչո՞ւ չեն արգելվում մյուս առևտրի իրականացման վայրերի գործունեությունը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պարետի որոշմամբ` Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.
1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
3. Կինոֆիլմերի ցուցադրում
4. Խաղատներ
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:
Գործատու-աշխատող հարաբերությունների տեսանկյունից այս որոշումը նշանակում է, որ գործատուի համար անհաղթահարելի ուժ է, այս ոլորտների գործատուները կարող են ոչինչ չվճարել իրենց աշխատողներին: Հետևաբար, առաջարկում եմ այս ոլորտներում աշխատողների համար երաշխավորված եկամուտ պետք է սահմանի պետությունը: Այսինքն` պետական աշխատողների նման աշխատավարձ (փոխհատուցում) պետք է ստանան նաև այս ոլորտների աշխատողները: Միաժամանակ ձեռնարկատերերի համար պետք է լուծվի վարձավճարների, հարկերի և այլ ծախսերի հարցը: Բացի մոլերից, անհասկանալի է, թե ինչու՞ չեն արգելվում մյուս առևտրի իրականացման վայրերի գործունեությունը, մասնավորապես` սպառողական ապրանքների շուկաների և տոնավաճառների»: