Ճապոնիայում դատարանն արդարացրել է պացիենտի սպանության մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտված բուժքրոջը
Ճապոնիայի Սիգա պրեֆեկտուրայի Օցու քաղաքի շրջանային դատարանը երեքշաբթի՝ մարտի 31-ին, արդարացրել է Միկա Նիսիյամային, որը 2005 թվականին 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել տեղի հիվանդանոցում, որտեղ բուժքույր էր աշխատել, պացիենտին սպանելու մեղադրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
2005 թվականին տեղի դատարանը Նիսիյամային 12 տարվա բանտարկության էր դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով 72-ամյա պացիենտի դիտավորյալ սպանության մեջ: Մեղադրող կողմը պնդում էր, որ բուժքույրը պացիենտին անջատել է կենսապահովման համակարգից, ինչն էլ հանգեցրել է նրա մահվանը: Հարցաքննությունների ժամանակ կինն իր մեղքն ընդունել է, սակայն հետո հրաժարվել է համապատասխան ցուցմունքներից:
Կնոջ փաստաբանները 2 անգամ փորձել են բողոքարկել դատարանի որոշումը, բայց գործի վերանայումը սկսվել է միայն 2017 թվականին նրա ազատվելուց հետո: Կրկնակի դատաքննության ընթացքում դատարանը, հիմք ընդունելով պաշտպանության կողմի ներկայացրած նոր ապացույցները, որոշել է, որ պացիենտի մահը բնական պատճառների հետեւանք էր, իսկ բուժքրոջ գործողություններում հանցավոր մտադրություն չի եղել:
Այս պահին չի հաղորդվում՝ պաշտպանության կողմը իր հաճախորդի համար դրամական փոխհատուցում կպահանջի՞ արդյոք: