Քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները:
Մասնավորապես, ներկայացվել են տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել օժանդակության գործիքակազմերին և հետագա գործողություններին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են նաև սոցիալական առանձին խմբերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա պատրաստել գործողությունների հստակ քայլեր և միջոցառումներ, որոնք կառավարության որոշումների տեսքով կյանքի կկոչվեն:
Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները, որպեսզի վաղվանից կառավարության հակաճգնաժամային փաթեթների մի մասից, ինչպես հայտարարվել էր գործադիրի մարտի 26-ի նիստում, շահառուները կարողանան օգտվել: