Ռուսաստանում երկու դեղամիջոց դրական արդյունք են տվել կորոնավիրուսի բուժման հարցում․ Ռիա Նովոստի
Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ ՌԴ վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը հայտնել է, որ կա երկու դեղամիջոց, որոնք նախնական դրական արդյունք են տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման հարցում։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ տնօրենը նշել է, որ իրենք նման արդյունք են ստացել ավելի քան 30 հակավիրուսային դեղամիջոցներ ուսումնասիրելուց հետո:
«Հատուկ հակավիրուսային ազդեցության դեղամիջոցների ընտրությունն իրականացվել է աշխարհում կլինիկական հետազոտություններից ստացված տվյալների բիոտեղեկատվական ուսումնասիրության հիման վրա»,- ասել է Մակսյուտովը։
Կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ ՌԴ Գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի հետ միասին սկսել են 22 նոր դեղամիջոցի հետազոտություն իրականացնել՝ նոր կորոնավիրուսի դեմ դեղամիջոց հայտնաբերելու նպատակով:
Հետազոտությունները կավարտվեն ապրիլի 10-ին: Ըստ մասնագետի՝ թեստավորման երկրորդ փուլը կավարտվի մինչև ապրիլի 30-ը:
Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 7497 դեպք է հայտնաբերվել, որոնցից 5181-ը՝ Մոսկվայում, 58 մարդ մահացել է, 494-ն՝ ապաքինվել: