Կիմ Չեն Ընը ողջ է, ավելին` Վոնսանի ծովափին հանգստավայրում է
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դեռ կենդանի է և այժմ հանգստանում է Վոնսանի ծովափնյա հանգստավայրում։ Արբանյակային պատկերները ցույց են տվել, որ նրա գնացքը, ըստ երևույթին, ուղևորվել է այնտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում։ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտարարել են, որ չեն հավատում նրա մահվան մասին լուրերին, գրում է Washington Post֊ը։ Կիմի հնարավոր մահվան լուրերը սկսել են տարածվել այն բանից հետո, երբ նա ապրիլի15-ին բաց է թողել իր պապի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված տոնակատարությունը, իսկ Հարավային Կորեայի ԶԼՄ-ները ավելի ուշ հայտնեցին, որ նա ապրիլի 12-ին սրտանոթային վիրահատության է ենթարկվել Փհենյանի շրջակայքում գտնվող հիվանդանոցներից մեկում և ապաքինվում է իր մոտակա առանձնատանը: Սակայն ԱՄՆ և Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունները շարունակում են թերահավատորեն վերաբերվել այն տեղեկություններին, թե Կիմը մահացած կամ ծանր հիվանդ է: «Մենք կարծում ենք, որ նախագահ Կիմ Չեն Ընը այս շաբաթ գտնվում է Վոնսանում», - ասում է հարավկորեացի մի պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր ով լինելը հետախուզական նպատակներով։