Այս կառավարությունն արդեն մի ամիս է՝ ամենօրյա ռեժիմով խոսում է այն մասին, որ չի կարողանում «տեղորոշել» սոցիալական ծանր կացություն ունեցող քաղաքացիներին, փնտրում ու չի գտնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած մտքերին։ Նա մասնավորապես նշում է, որ տարիներ շարունակ եղած անտարբերության հետևանքն է, որ վարչապետը նոր է գլխի ընկել, որ հարևանը հարևանին կարող է օգնել, նրա հոգսը կիսել և այլն։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Անհավանական է, թե Նիկոլ Փաշինյանը որքան շուտ կտրվեց իրականությունից։ Նման ռեկորդ իսկապես հնարավոր չէր պատկերացնել։ Ընդամենը երկու տարի է վարչապետ, հիմա եկել «կոմունալ համերաշխությունից» է խոսում։
Բան է մտածել՝ մարդկանց խորհուրդ է տալիս։ Խելքի աշեցեք։ Ուրեմն ասեմ, հուսով եմ մեկնումեկը կհասցնի Նիկոլին՝ մեր ժողովուրդը վաղուց է այդպես ապրում։ Ես հազար տարի ասեմ, դուք երկու, երեք, չորս պատկերացրեք։ Ու եթե Նիկոլը նոր է գլխի ընկել, որ հարևանը հարևանին կարող է օգնել, նրա հոգսը կիսել և այլն, դա միայն ու միայն իր՝ տարիներ շարունակ եղած անտարբերության հետևանքն է, որն այսօր փորձում է կեղծ հոգատարությամբ կոծկել։ Թե բա՝ իրար օգնեք։ Լուրջ մտածում էր, որ մարդիկ նստած իր այդ լայվի՞ն էին սպասում։ Լու՞րջ։
Ուրիշ մի խնդիր էլ կա։ Ուրեմն ապիկարների այս կառավարությունը՝ իր վարչապետի գլխավորությամբ, արդեն մի ամիս է գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում են այն մասին, թե չեն կարողանում «տեղորոշել» սոցիալական ծանր կացություն ունեցող քաղաքացիներին։ Փնտրում ու չեն գտնում։ Այսինքն իրավիճակին չեն տիրապետում։ Հանրային լայն շերտերի հետ աշխատելու ձև չգիտեն։ Հետևաբար նաև չեն կարող կազմակերպել մարդկանց բնականոն աշխատանքը։ Չեն կարող ղեկավարել։ Ոչինչ չեն կարող անել։
Ու այս ամենի մասին բաց խոսում են։ Ի ուրախություն մեր թշնամիների։ Է, հետո՞։ Էլ ի՞նչ ուղերձներ ունեք, օրինակ, Ալիևին փոխանցելու։ Մտածու՞մ եք ձեր այդ խոստովանությունների հետևանքի մասին։ Երկու տարի է անցել, ինչ իշխանության եք, այդ ամբողջ ընթացքում գոնե երկու րոպե մտածե՞լ եք, թե ձեր ասած ամեն մի խոսքն ու արած քայլը ինչի կարող է հանգեցնել։ Դուք անմեղսունա՞կ եք»։