«Ոչ բոլոր խնդիրներն են կատարվել կամ թերակատարվել». Փաշինյանը՝ Էրիկ Գրիգորյանի աշխատանքից ազատվելու մասին
Ազգային ժողովում, այսօր՝ մայիսի 6-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչու է աշխատանքից ազատվել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար և թվարկեց այն ձեռքբերումները, որոնք ունեցել են այս ընթացքում բնապահպանության ոլորտում:
«Բայց աշխատանքը բարդ երեւույթ է, գալիս են փուլեր, երբ անհրաժեշտ է լինում որոշումներ կայացնել:
Ես բազմիցս ասել եմ, որ եթե դուք հարցնեք՝ ես իմ աշխատանքից գոհ եմ, թե ոչ, ես կասեմ՝ գոհ չեմ: Սա չի նշանակում, որ ես պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում խնդիրները լուծելու համար, բայց ես ուզում եմ, որ բոլորս միշտ անենք ավելին, քան հնարավոր է, քան անհնար է: Որովհետեւ ես հավատում եմ, որ մենք ի վիճակի ենք անել անհնարը, քանի որ 2018 թվականին արել ենք անհնարը, 2019 թվականին էլ արել ենք անհնարը, բայց 2020 թվականին ավելի անհնարը պետք է անենք»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ ոչ բոլոր խնդիրներն են կատարվել կամ գերակատարվել, բայց նաեւ ոչ բոլոր խնդիրներն են թերակատարվել կամ մնացել առանց կատարման. «Ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է»: