Անցած տարի դատաիրավական բարեփոխումները ձախողվել են. պատճառներից մեկն այն էր, որ Կառավարությունը դեռևս չի կարողանում լսել այլ կարծիքներ. Տարոն Սիմոնյան
Անցած տարի դատաիրավական բարեփոխումները ձախողվել են: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կառավարության 2019 թ. ծրագրի կատարողականին:
Պատգամավորը կարևորեց, որ այդ ձախողումն ընդունվել է նաև վարչապետի կողմից:
«Դատաիրավական բարեփոխումների ձախողման պատճառներից մեկը նաև այն էր, որ կառավարությունը դեռևս չի կարողանում լսել այլ կարծիքներ, կամ լսում է, չի ընդունում: Այս բնագավառում անհրաժեշտ է ռազմավարական ծրագիր, և դրա հիման վրա գործողությունների ազգային ծրագիր, բայց կառավարության կողմից մեր կոչերը չլսվեցին»,-ասաց նա՝ նշելով, թե այդ կոչերը լսելու դեպքում բարեփոխումները կլինեին շատ ավելի արագ, ու ժամանակի կարուստ չէր լինի:
«Ես Կառավարությունում ու իշխող խմբակցությունում աշխատող իմ գործընկերներին կոչ եմ անում, որ ընդդիմության արած առաջարկների ընդունումը չհամարեն առաքինության պակասի դրսևորում, հակառակը՝ մենք բոլորս մեկ նպատակ ունենք, և այդ նպատակը ուժեղ պետականությունն է: Եթե արվում է լայնախոհ առաջարկ, ապա Կառավարությունը պետք է ընդունի՝ անկախ նրանից, թե ում կողմից է արվել»,-ասաց Տարոն Սիմոնյանը: