Արսեն Թորոսյանը հատ առ հատ ասաց, թե ով Հայաստանին ինչ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարում
ԱՀԿ-ից մենք որևէ դրամական օգնություն չենք ստացել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարն ասաց, որ ԱՀԿ-ից Հայաստանը ստացել է 2000 ՊՇՌ թեստ. «Մենք ֆինանսական օգնություն ստացել ենք օրինակ Չինաստանից՝ 20 հազար ԱՄՆ դոլար. Շվեյցարիայից՝ 40 հազար շվեյցարական ֆրանկի չափով, Նիդերլանդներից՝ թեստերի ձևով, Ճապոնիայից հավանաբար կստանանք սարքեր, Ռուսաստանից ստացել ենք 20 հազար ՊՇՌ թեստ և 33 500 ռեագետներ, ջերմաչափեր:
Հնարավոր է, որ օգնություն ստանանք Կանադայից, Հնդկաստանից՝ դեղորայքի ձևով, ԱՄԷ-ից, տեսել եք՝ ինքնաթիռ, դիմակներ և ախտահանիչ նյութեր, ԵՄ-ից՝ 2,7 միլիոն եվրոյի չափով, Ասիական զարգացման բանկից՝ դրամաշնորհի տեսքով, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունից, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, Կարմիր խաչից: Նրանք մեր մշտական գործընկերներն են, մենք շնորհակալ ենք նրանց»:
Թորոսյանն ասաց, որ հիմա բոլորն են բոլորին օգնում, դա անում է նաև Հայաստանը: