Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուս ունեցող 8 371 հիվանդ, հայտնում է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբը: Կորոնավիրուսային վարակի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 2 054, Մոսկվայի մարզում` 774, Սանկտ Պետերբուրգում` 383, և Սվերդլովսկի շրջանում` 268: Ավելին, նոր գրանցված հիվանդներից 3 560-ը հիվանդության կլինիկական դրսևորումներ չունեն: 174 հիվանդ մահացել է: Այսպիսով՝ Ռուսաստանի 85 շրջաններում համաճարակի բռնկման պահից COVID-19 ախտորոշվել է 379 051 մարդու մոտ, որոնցից 4 142-ը մահացել է, ավելի քան 150 000-ը բուժվել է: Ռուսաստանը առավել խոցելի երկրների շարքում երրորդ տեղում է ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Այս շաբաթ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման գագաթնակետը, փորձագետների կարծիքով, համարվում է հաղթահարված: Շատ շրջաններ սկսել են դուրս գալ սահմանափակումների ռեժիմից: Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը երկարացվել է մինչև հունիսի 14-ը։