Վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» հարաբերական անդորր է, բոլորը, շունչը պահած, սպասում են, թե իրավապահներն «անհնազանդ» պատգամավորներից ում վրա ինչ դոսյե կհավաքեն․ վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել։
Ռիսկի գոտում գտնվողները խուսափում են լրագրողների հետ շփվելուց։ Վարդան Աթաբեկյանը, օրինակ, լրիվ ինքնամեկուսացել է՝ բուֆետում անգամ մենակ է սնվում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք՝ կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից: Նա նախ չհամաձայնեց «անհնազանդ» որակումի հետ, բայց չհերքեց, որ խմբակցությունում պարբերաբար քննարկումներ են ունենում, այդ թվում՝ «կարգապահական» բնույթի։
«Իսկ թե այդ կարգապահական բնույթի քննարկումներն ինչպիսին են, չեմ կարող հանրայնացնել»,- ասաց նա:
Փորձեցինք հասկանալ՝ որ պատգամավորը պետք է համարվի ոչ կարգապահ ու հեռանա թիմից, ասենք՝ սեփական կարծիք հայտնելը կամ տարբերվող քվեարկությունը ոչ կարգապա՞հ վարք են։ «Չեմ կարծում, որ այժմ տեղին է նման հարց քննարկելը... Ես չեմ կարող մանրամասնել, բացել փակագծերը, դա իր մեջ շատ տարբեր բաներ է պարունակում, դա մեր ներքին կարգապահական աշխատանքներն են»։
Մակունցն ավելացրեց նաև, որ կարգապահական հարցեր քննարկելը դեռ չի նշանակում, որ անկարգապահներ կան, դրանք ընդհանուր աշխատանքներին են վերաբերում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում