Դավիդյանցը վրիպե՞լ էր. համաճարակից հետո դեռ շատ բաներ են բացվելու
Պարետատան վերջին նիստից հետո բրիֆինգում «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքը մեծ աղմուկ է առաջացրել: Նա ասել էր, որ «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցը» գրեթե շուրջ 4 ամիս է, ինչ սկսել է կորոնավիրուսային վարակակիրներին բուժելու գործընթացը, և առաջին բուժհաստատությունն է, որ իր վրա վերցրեց կարոնավիրուս կոչված չարիքի առաջին հարվածը:
«Եվ մենք փետրվար ամսից ողջ անձնակազմով` բժիշկներով, բուժքույրերով, մայրապետներով, պայքարում ենք այս հիվանդության դեմ», ասել էր Մհեր Դավիդյանցը, նշելով, որ ցավոք, հիվանդությունն այժմ փոխել է իր ընթացքը, և եթե հունվար-փետրվար-մարտ ամիսներին հիվանդությունը հիմնականում թեթև էր ընթանում, և իրենք ունեին թեթև և միջին ծանրության դեպքեր, այժմ, ցավոք, գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:
Նրա խոսքից ստացվում է, որ հունվար-փետրվարից արդեն գրանցվել են կորոնավիրուսով, կամ համենայնդեպս նոր տիպի հարուցիչով հիվանդությունների, թոքաբորբի դեպքեր: Մարդիկ հարցնում են՝ վրիպո՞ւմ էր արդյոք տնօրենի խոսքը, թե իրողության արձանագրում, եւ արդյոք իշխանությունը խաբել է, երբ հայտարարել է, որ կորոնավիրուսի առաջին դեպքը արձանագրվել է մարտի 1-ին:
Հանրության շրջանում նույնպես տարածված կարծիք կա, որ հունվար-փետրվարին շատերը ծանր հիվանդություն են տարել, որի նշանները համընկնում են ներկայում կորոնավիրուսի նկարագրություններին:
Պետք է նշել, որ կորոնավիրուսի առաջին դեպքերը աշխարհում գրանցվել են դեռ անցյալ տարվա աշնանը: Եվ մինչ Ուհանի լաբորատորիայի շուրջ համաշխարհային աղմուկը, ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի մոտ գտնվող հանրահայտ Վեկտոր լաբորատորիայում տեղի ունեցած վթարի մասին: Այս լաբորատորիայում պահվում են ամենավտանգավոր վիրուսները, եւ ԶԼՄ-ները գրում էին, որ պայթյունից հետո Նովոսիբիրսկի շրջանում գրանցվել են ատիպիկ թոքաբորբից բազմաթիվ մահեր:
Հետաքրքիր է, որ երբ Ռուսաստանը փորձեց Չինաստանին մեղադրելու հարցում միանալ ԱՄՆ պահանջներին, չինացիներն անմիջապես ակնարկեցին, որ Չինաստանին սահմանակից Ռուսաստանի շրջանները վարակի տեսակետից վտանգ են ներկայացնում երկրի համար:
ԱՄՆ-ն եւ շատ երկրներ մեղադրում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ Չինաստանին վարակի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար: Բացի այդ, ԱՀԿ-ն մինչ այժմ իրարամերժ տեղեկություններ է հայտնում համաճարակի վերաբերյալ ու իրարամերժ ռեկոմենդացիաներ տալիս, ինչը ավելի է խորացնում կասկածներն այդ կազմակերպության հանդեպ:
Ակնհայտ է, որ չնայած այս համաճարակն առայժմ իր ծավալներով ու մահաբերությամբ շատ չի տարբերվում նախորդ Սարս եւ Մարս համաճարակներից, սակայն մեծ է աղմուկը եւ արդեն ակնհայտ՝ քաղաքական ու տնտեսական ահռելի շահերն ու տրանսֆորմացիաները: Համաճարակն արագ քաղաքականացվեց ու սնուցվեց դավադրապաշտական տեսություններով, ինչն ավելի է մեծացնում դրա շուրջ աղմուկն ու այդպիսով՝ բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ լուծելու հնարավորությունները:
Այս անորոշության ու աղմուկի պայմաններում, երկրները կամ պետք է հետեւեին ԱՀԿ-ի ռեկոմենդացիաներին, կամ փորձեին ընթանալ սեփական ճանապարհով, որն անմիջապես հակահարվածի էր արժանանում համաշխարհային մամուլի ու կազմակերպությունների կողմից: Հայաստանը հետեւում է ԱՀԿ-ի ռեկոմենդացիաներին, եւ ըստ այդ ռեկոմենդացիայի էլ հայտարարեց առաջին վարակակրի մասին: Հետաքրքիր էր, որ մարտի մեկին առաջին վարակակրին հայտնաբերելուց հետո երկար ժամանակ «անոմալիկ» իրավիճակ էր՝ նոր դեպքեր չէին հայտնաբերվում, կառավարությունն էլ կատակում էր վիրուսի հաշվով:
Ներկայում կառավարությունը հայտնվել է բուռն քննադատության տակ վարակի ընդլայնման ու մահվան դեպքերի ավելացման կապակցությամբ: Որտեղ է օբյեկտիվ իրավիճակն ու որտեղ թերացումները՝ պարզվում են հընթացս: Միեւնույն ժամանակ, համաճարակի սկզբնական շրջանի լավատեսությանը փոխարինել են մռայլ նկարագրություններն ու կանխատեսումները, վարչապետը խոսում է դժոխքի միջով քայլելու մասին: Պետք է նշել, որ երկու դեպքում էլ կառավարության մոտեցումն անհամարժեք էր թե հանրային ազդեցության, թե «հարակից էֆեկտների» տեսակետից:
Համաճարակի ավարտից հետո շատ բաներ են բացահայտվելու աշխարհում, այդ թվում այս հիբրիդային վիրուսի ծագումնաբանության մասով: Ներկայում տարբեր երկրների հետախուզական ծառայություններն ակտիվորեն զբաղվում են դրանով: Մինչ այդ, Հայաստանում էլ վիրուսը քաղաքականացվել է եւ դարձել ներքին դիմակայության գլխավոր շարժիչներից մեկը: