Աշխարհում առաջին երկիրը, որը չեղարկում է կորոնավիրուսին առնչվող բոլոր սահմանափակումները
Նոր Զելանդիայում հաջողվել է կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը, և կառավարությունը որոշում է կայացրել երեքշաբթի կեսգիշերից ամբողջությամբ չեղարկել նախկինում կիրառված բոլոր սահմանափակումները, ներառյալ՝ սոցիալական հեռավորության պահպանման պահանջը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յասինդա Արդերնը, գրում է Sydney Morning Herald-ը։
Նոր Զելանդիայի բնակիչները կրկին կկարողանան անցկացնել ցանկացած մեծության իրադարձություն, օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից, ճանապարհորդել երկրի տարածքով: Թույլատրվում են բոլոր տեսակի արտադրությունները։
Արդերնը նշել է, որ նա վստահ է, որ երկրում վարակի նոր դեպքեր կգրանցվեն, սակայն այժմ կառավարությունը կկենտրոնանա նոր նպատակի վրա՝ տնտեսության վերականգմանը։
Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր առմամբ 1154 մարդ, ապաքնվել է 1132 մարդ, մահացել է 22-ը: