Հայաստանը հրաժարվել է ռուսական միջուկային վարկից. ՈՉ ասելու ինքնիշխան կամքը
Հայաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար աշխատանքի ռուսական վարկից: Հայաստանն աշխատանքը կշարունակի բյուջեի միջոցներով: Նախարարը հայտնել է, որ չեն եկել համաձայնության վարկի հետագա ժամանակացույցի առումով, եւ կայացվել է վարկի շարունակությունից հրաժարվելու մասին որոշում:
Պարզ չէ, թե հատկապես ինչ ծավալի փողի մասին է խոսքը, որովհետեւ ատոմակայանի վարկի միջոցով աշխատանքը ընթանում է արդեն մի քանի տարի, դեռեւս հեղափոխությունից առաջ: Ըստ ավելի վաղ եղած տեղեկությունների, որոնք վկայակոչում է ռուսական Ինտերֆաքսը, մինչ այժմ կատարվել է մոտ 200 միլիոն դոլարի աշխատանք:
Ռուսական վարկը լինելու էր 270 միլիոն դոլար, եւ 30 միլիոն դոլար էր ՌԴ-ն տրամադրելու էր որպես դրամաշնորհ: Այդ ամենի նպատակն ատոմակայանի նորոգումն է, որը թույլ կտա մինչեւ 2026 թվականը երկարաձգել հայկական ատոմակայանի աշխատանքը:
Ինչու համաձայնության չեն եկել հայկական ու ռուսական կողմերը, եթե նախկինում աշխատանքը ընթացել է կարծես թե սահուն: Արդյոք ռուսական կողմը որոշել է կոշտացնել վարկի պայմանները, հայ-ռուսական հարաբերության ներկայիս բարդ շրջափուլի պայմաններում, երբ խնդիրների առկայությունը չի թաքցնում արդեն որեւէ կողմ: Այն բանից հետո, երբ Հայաստանը ներկայացրեց էներգետիկ միջազգային շուկայում գնանկման ֆոնին Հայաստանի սահմանին ռուսական գազի գինն իջեցնելու առաջարկ, Ռուսաստանը բավականին բաց տեքստով սկսեց անբարյացկամ վերաբերմունք Երեւանի նկատմամբ:
Խնդիրը սակայն ամենեւին գազի հարցը չէ: Հայ-ռուսական հարաբերության խնդիրը շատ ավելի խորն է, միաժամանակ թերեւս պարզ՝ Հայաստանի ինքնիշխանություն: Ռուսաստանը չի ընդունում խաղի այն կանոնը, որ թավշյա հեղափոխությունից հետո առաջ է քաշում Հայաստանը՝ հարաբերություն ինքնիշխանության սկզբունքով: Մոսկվայի համար Հայաստանի ինքնիշխանությունը «գենետիկ անհամատեղելիության» մակարդակի է, այսինքն ինքնիշխան Հայաստանը մոսկովյան գոնե վերջին հարյուրամյակի քաղաքական ստրատեգները դիտարկում են իբրեւ ռուսական կայսրության սպառնալիք:
Թավշյա հեղափոխության օրերին, եւ առ այսօր վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ հեղափոխությունը եղել է առանց արտաքին որեւէ ուղղվածության: Այդ հայտարարությունն անշուշտ արվում է նաեւ Ռուսաստանից որեւէ քեն զսպելու համար: Սակայն, բանն այն է, որ Մոսկվայի համար խնդիրը ամենեւին այն չէ, որ Հայաստանը կարող է գնալ Արեւմուտք: Մոսկվայի համար Հայաստանի ինքնիշխանությունն է խնդիրը, երբ որեւէ հարցում Հայաստանը կարող է ասել՝ ոչ: Իսկ բանն այն է, որ ռուսական կայսրությունը, կամ կայսրության նոստալգիան «հեծնած» վերնախավը ռեգիոնալ քաղաքականության իր գլխավոր գործընկեր դիտարկում է Թուրքիային: Ու քանի որ գլխավոր գործընկեր դիտարկվում է Թուրքիան, Հայաստանի ինքնիշխանությունը միշտ դիտարկվելու է խոչընդոտ:
Միեւնույն ժամանակ, ամբողջ հարցն այն է, որ այդ մոտեցումն ու քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական պետականությանը, որը քայլ առ քայլ կուլ է գնալու թյուրքական տարրին, եթե արդեն իսկ այդպես չէ: Ամբողջ հարցն այն է, թե կա՞ Ռուսաստանում որեւէ շատ թե քիչ ազդեցիկ խումբ, որը կարող է մտածել այլ կերպ՝ թուրքական խնամակալության ծիրից դուրս:
Հայաստանի համար այդ հարցը կարեւոր է, սակայն անկախ դրա պատասխանից, անկասկած է, որ Հայաստանը պետք է կարողանա ՈՉ ասել Ռուսաստանին՝ ինքնիշխանության հաշվին ներկայացվող պահանջների դեպքում: Այդ իմաստով, ատոմակայանի վարկը գուցե փոքր, սակայն խորհրդանշական դրվագ է, թեեւ հնարավոր է այդպիսի դրվագի ականատես լինել նաեւ գազի ներքին գնի եւ մի քանի այլ հարցերում: Հայաստանը պետք է կարողանա ստեղծել այն վիճակը, երբ Ռուսաստանում ռեգիոնալ գործընկեր կդիտարկեն Հայաստանը, ոչ թե Թուրքիան:
Դաշնակցի մասին խոսել դեռեւս վաղ է, եւ այստեղ խնդիրը Հայաստանում չէ, այլ Ռուսաստանում: Այնտեղ դաշնակցի ընկալման խնդիրը եւս «գենետիկ» է, եւ ոչ միայն Հայաստանի առումով, այլ ընդհանրապես: